Ինչ վարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը, մշտապես խոսում է պետական համակարգի կրճատումներից։ Կառավարության ոչ մի նիստ առանց այս թեման շոշափելու չի անցնում։ Նախարարություններին հրահանգված է կրճատումների «սև» ցուցակ ներկայացնել։ Շատ տնտեսագետներ հիմնավորված փաստում են, որ նոր վարչապետը սխալ տեղից է բարեփոխումները սկսել, քանի որ պետական բյուջեն շատ ավելի մեծ մուտքեր կարող է ունենալ ոչ թե պետծառայողների, այլ, օրինակ, «ստվերը» էականորեն կրճատելու հաշվին։ Սա դեռ մի կողմ։ Իրականում Կարեն Կարապետյանի հայտարարություններն առ ոչինչ են դառնում, երբ խոսքը վերաբերում է մերձավոր շրջապատին։ Եթե պաշտոնյան պահանջում է կարգի բերել ոլորտների աշխատանքը, բայց այդ ամենն իրենից չի սկսում, ոչ մեկը նրա բարեփոխումները լուրջ չի ընդունի։
Վարչապետ դառնալուց երկու ամիս հետո Կարեն Կարապետյանն արդեն տասնմեկ խորհրդականն է իր համար նշանակել։ Վերջինին այսօր՝ Արմեն Ավակի Ավակյան։ Հետաքրքիր է, տասնմեկ խորհրդական ի՞նչ է անում վարչապետը կամ հասցնո՞ւմ է այդ տասնմեկի խորհուրդները լսել ու կիրառել։ Մի քիչ շատ չէ՞ կառավարության ղեկավարի համար այդքան խորհրդականը, իսկ ո՜ւր մնացին պետական ապարատի ուռճացման մասին նրա հավաստիացումները։ Իհարկե, տասնմեկից չորսը հասարակական հիմունքներով են, բայց էլի խորհուրդ են տալիս, չէ՞։ Թե՞ չէ։ Այդքան «խորհուրդների» մեջ նոր վարչապետը չի մոլորվո՞ւմ-խճճվում-շփոթվում։
Վարչապետը նաև չորս օգնական ունի։ Հույս ունենանք, որ գոնե օգնականներն իրենց գործը լավ կանեն և նոր, լրացուցիչ «օգնողների» կարիք վարչապետը չի ունենա։ Միայն թե այսքան խորհրդական ու օգնական ունենալու պարագայում Կարեն Կարապետյանն ի՞նչ երեսով է նախարարներին պարտադրում կրճատել շարքային աշխատակիցների, որոնք ոչ մեկի հարազատը, ծանոթն ու բարեկամը չեն, այլապես մեկի խորհրդականը կամ օգնականը կարող էին հեշտությամբ դառնալ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ